Ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին․ Արսեն Հարությունյան
Ես ապրում եմ Մարմարաշեն գյուղում եւ շատ եմ սիրում իմ համագյուղացիներին: Ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին, փորձում եմ օգնել, որ հասնեն իրենց երազանքներին: Տոնածառի լույսերը վառելը հաճելի ավանդույթ է դարձել նրանց համար, ինձ համար էլ կարեւոր իրադարձություն է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարը դեկտեմբերի 19-ին հերթական տոնը պարգեւեց մարմարաշենցի փոքրիկներին: Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում տեղի ունեցավ գյուղի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը (տեսանյութ):
«Այս միջոցառումը ես անցկացնում եմ արդեն 4-րդ տարին, դարձել է ավանդույթ եւ այն ինձ համար շատ կարեւոր է: Ես այս գյուղում եմ ապրում եւ շատ եմ սիրում իմ համագյուղացիներին, Մարմարաշենի ժողովրդին: Ուզում եմ այնպես անել, որ այս երեխաներն էլ հավատան իրենց երազանքին, օգնել, որ հասնեն իրենց երազանքներին, հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, հավանական է ու կարող են հասնել մեծ երազանքների: Ես փորձում եմ միշտ մեր գյուղերի երեխաների կողքին լինել, պարբերաբար հանդիպում եմ նրանց հետ, փորձում եմ նրանց օգտակար լինել: Այս միջոցառումներին մանկահասակ երեխաներ էլ են մասնակցում եւ ինձ ուրախացնում է: Գուցե այս մի հեքիաթային օրը նրանց օգնի երազել, հետագայում այդ երազանքը նպատակ դարձնել եւ ձգտել հասնել այդ նպատակին:
Այս տարի իմ նախաձեռնությանը միացել էր նաեւ Մասիսի համայնքապետարանը, որը բոլոր երեխաների համար նվերներ էր պատրաստել եւ Ձմեռ պապին էր հրավիրել»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Միջոցառմանը մասնակցում էին համայնքի բնակիչները, երեխաները, Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա տեր Ղազարը: Արսեն Հարությունյանը միջոցառմանը ներկա էր կնոջ հետ:
Լույսերի վառման արարողությունից առաջ Արսեն Հարությունյանը մեծ մանկական միջոցառում էր կազմակերպել մարմարաշենցի երեխաների համար, որը մեկնարկեց քահանա տեր Ղազարի Տերունական աղոթքով:
Ձմեռ պապով, երգ ու պարով միջոցառումն անցկացնելուց հետո, հետհաշվարկով մեծ շուքով վառվեցին տոնածառի լույսերը, նաեւ հարակից տարածքի, եկեղեցու շրջակայքի լույսերը: Արսեն Հարությունյանը երեխաների հետ մասնակցեց Ձմեռ պապի կազմակերպած խաղերին, լուսանկարվեց ներկաների հետ: Վերջում բոլոր երեխաները նվերներ ստացան Ձմեռ պապից:
2021թ. երիտասարդ ըմբիշը պետական պարգեւավճարներով Մարմարաշեն համայնքի համար մեծ տոնածառ էր գնել եւ մեծ շուքով երեխաների հետ վառել տոնածառի լույսերը: