Ծանրամարտի ԱԱ․ Մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 11-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից մրցահարթակ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ):
Անդրանիկ Կարապետյանը 2012 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, 2015 թ. աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն:
Մասնակցել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ ծանր վնասվածք է ստացել եւ լքել պայքարը: Վնասվածքից հետո 2017 թ. վերադարձել է մրցահարթակ եւ Եվրոպայի առաջնությունում գրավել 5-րդ տեղ:
2017 թ. Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է, 2017 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2020 թ. International Fajr Cup վարկանիշային մրցաշարի փոքր ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի առաջնության փոքր արծաթե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում գրանցել է 374 կգ (178+196) արդյունք: Պոկում վարժությունում 178 կգ-ով սահմանել է Եվրոպայի ռեկորդ: 2023 թ. աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր է:
Մասնակցել է Փարիզ-2024-ին, որտեղ 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով 7-րդ տեղի արդյունք է ցույց տվել (170+200):
Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում 89 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 10 ծանրորդ: Անդրանիկ Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է: Նույնքան են պատվիրել եւս երկու ծանրորդ: Այս քաշային կարգում ֆավորիտը Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն, 404 կգ համաշխարհային ռեկորդով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարն է: Երկամարտում նրա նախնական հայտը 390 կգ է:
89 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր (205 կգ, 85+120):