շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թեև սպորտի «դարպասները» աստիճանաբար բացվում են կանանց համար, նրանք դեռ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Թեև սպորտի «դարպասները» աստիճանաբար բացվում են կանանց համար, նրանք դեռ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը վեհաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի» (ALDE) անունից:

Պատգամավորը, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ նախագահ, սիրելի՛  գործընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին լավ և մանրամասն տեղեկատվություն տրամադրող զեկույցի համար, որը ներկայացնում է կարևոր տվյալներ և, իհարկե, հստակ ուղերձներ այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սպորտը լինի գենդերային խտրականությունից և բռնության դրսևորումներից զերծ:

Ինչպես հստակորեն նշված է զեկույցում, սպորտը շարունակում է մնալ ավելի բարենպաստ միջավայր տղամարդկանց համար:

Թեև սպորտի «դարպասները» աստիճանաբար բացվում են կանանց համար, ու ավելի շատ կանայք են համալրում ոլորտը, նրանք դեռ շարունակում են բախվել մի շարք խնդիրների, ինչպիսիք են խտրականությունը, վարձատրության տարբերությունը կանանց և տղամարդկանց համար, բռնությունը և, իհարկե, սեքսիստական պիտակավորումներն ու մեկնաբանությունները:

Ցանկանում եմ ընդգծել լրատվամիջոցների և համացանցի դերը, որը երբեմն, ինչո՞ւ չէ, շատ հաճախ օգնում է վերարտադրել ու ուժեղացնել կարծրատիպերն ու ատելության խոսքը, դրանք նվազեցնելու և սպորտը ապահով ու հավասար հարթակ դարձնելու փոխարեն:

Լրատվականները հակված են կին մարզիկներին առաջին հերթին ներկայացնել որպես կին, որից հետո միայն որպես մարզիկ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ սպորտում կանանց լուսաբանումը հաճախ վերաբերում է արտաքին տեսքին, տարիքին, անձնական կյանքին, այնինչ տղամարդիկ պատկերվում են որպես հզոր, անկախ, գերիշխող ու գնահատված մարզիկներ:

Օլիմպիական լուսաբանման ժամանակ, երկու շաբաթը հազվագյուտ ժամանակ է, երբ կայուն ձևով սպորտային կին աստղերը հայտնվում են վերնագրերում և շարունակում լուսաբանվել, ինչպես կարգն է:

Սակայն, հարկ եմ համարում նշել, որ նմանատիպ մեծ փառատոներից դուրս, ըստ վիճակագրության, լրատվական դաշտում կին մարզիկները զբաղեցնում են ընդամենը 4 տոկոսը, չնայած որ կանանց սպորտը կազմում է նման փառատոնների 40 տոկոսը:

Համաճարակի ազդեցությունը նույնպես վճռական ու անարդար դեր ունեցավ կին մարզիկների վրա՝ առաջացնելով ավելի մեծ սոցիալական և ֆիզիկական ճնշում:

Զեկույցում մատնանշվում են մի շարք գործողություններ, որոնք պետք է արվեն և կարելի է անել իրավիճակը բարելավելու համար, ինչպիսիք են մարզումները սպորտի ոլորտի բոլոր դերակատարների համար՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու համար:

Սպորտային ֆեդերացիաների և որոշումներ կայացնող մարմինների առաջնորդական և մարզչական պաշտոններն ավելի շատ կանանցով համալրելը կհանգեցնի ավելի գենդերային կայուն ու հավասար սպորտի աշխարհի:

Երեկ սպորտային կրթության և երիտասարդության ենթահանձնաժողովում մենք հյուրընկալել էինք EPAS-ի գործադիր քարտուղարի տեղակալ տիկին Ռավենիին, և ես հարցրեցի, եթե կա մեկ բան, որ պետք է անել սպորտում գենդերային հավասարության հասնելու համար, ապա ի՞նչն է դա:

Պատասխանը պարզ էր՝ հավասար վարձատրություն: Դեռևս կա 35 տոկոս աշխատավարձի տարբերություն սեռերի միջև:

2017 թ. սպորտային հետազոտության շրջանակում համեմատվել են 12 ամենաբարձր վարձատրվող կանանց սպորտային լիգաները 12 ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց սպորտային լիգաների հետ:

Հետազոտության շրջանակում պարզվել է, որ միջին հաշվով այս էլիտար մարզաձևերի տղամարդիկ վաստակել են 101 անգամ ավելի, քան՝ էլիտար սպորտի կանայք: Մենք պետք է ձգտենք փոխել սա, ու պետք է պայքարել կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության համար»:

  • Կիսվել: