շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի մրցաշար հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև

Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի մրցաշար հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շախմատի մարզադպրոցում մեկնարկել է հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև անցկացվող շախմատի ամենամյա մրցաշարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարը կազմակերպվել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Արցախի Ազատամարտիկների միության աջակցությամբ:

Մեզ հետ զրույցում Շախմատի դպրոցի տնօրեն,գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանն տեղեկացրել է, որ արդեն 15 տարուց ավելի է,ինչ Արցախում անց է կացվում այս մրցաշարը։

«Հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև անցկացվող այս մրցաշարն ավանդական բնույթ է կրում՝ մեծ խթան է հանդիսանալով ազատամարտիկներին մեկ հարկի տակ համախմբելուն, միմյանց հետ շփմանը, որի ընթացքում վերհիշում են նաև պատերազմական օրերը։

Շախմատային մրցույթին նրանք մեծ հետաքրքրությամբ են մասնակցում : Հատկանշական է, որ միշտ թեժ պայքար է ծավալվում և բոլորն են ձգտում առաջնային տեղեր գրավել»,-մանրամասնել է Հ. Ավագյանը։

Նրա խոսքով՝ մրցաշարին այս տարի մասնակցում է 12 ազատամարտիկ։

«Մասնակիցները Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի շրջաններից ու մայրաքաղաքից են։

Մրցույթն անց է կացվելու վեց փուլով։

Մրցանակային տեղեր գրաված մեր շախմատիստները և մյուս մասնակիցները կստանան պատվոգրեր,հուշանվերներ ու դրամական պարգևներ»,-հավելել է գլխավոր մրցավարը։

Մասնակիցներից Գագիկ Աբրահամյանը, ով Մարտունու շրջանի Կարմիր շուկայից է, նշեց, որ դեռևս 2004 թվականից է մասնակցում է մրցույթին։

«Անցած տարիներին հիմնականում առաջին մրցանակային տեղն էի գրավում, եղել են դեպքեր՝ երկրորդ։ Այսօրվա մրցակիցներն ուժեղ են»,-ասաց ազատամարտիկը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 24-ին։

  • Կիսվել: