Սպորտում ունեցել ենք շուրջ 7,3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3,5 անգամ ավելի է 2018-ի նույն ցուցանիշից. Անդրեասյան
Սպորտում մենք ունեցել ենք շուրջ 7,3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3,5 անգամ ավելի է 2018-ի նույն ցուցանիշից: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սպորտն էլ այն ոլորտներից է, որտեղ մենք նույն աշխատակազմերով անում ենք մի քանի անգամ ավելի աշխատանք»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով «Վարչապետի գավաթի» մրցաշարերը:
Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունն անցած տարի ևս մեկ շատ կարևոր ծրագիր է արել:
«Դա մեր երեխաների լողի պարապմունքների ֆինանսավորումն է մարզերում գործող՝ մասնավորի կողմից շահագործվող լողավազաններում: Սա այն տարբերակն է, երբ պետությունն ասում է՝ ինքը չի գնում կառուցելու, եթե արդեն կա կառուցված, այդտեղ համատեղ ծրագիր է անում մասնավորի հետ և ֆինանսավորում է մեզ համար կարևոր ծրագրերը:
Նախորդ տարի ծրագիրն իրականացվեց Արագածոտնի մարզի Արագած համայնքում»,- տեղեկացրեց նախարարը:
Նրա խոսքով՝ նման ծրագրերն իրոք փոխում են կյանքի որակը:
«Ուրախ եմ, որ այս տարի ծրագիրն ընդլայնվելու է, նաև Մեծամորում, Իջևանում, Հրազդանում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր երեխա՝ ծրագրի շահառու, և սեպտեմբերից այդ երեխաների թիվը կավելանա»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Մասնավորի հետ համագործակցելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է մեկնարկել, որը հնարավորություն կտա տիպային մարզահամալիրներ կառուցել տարբեր մարզերում, ինչը նախատեսված է սպորտի ռազմավարությամբ:
«Առաջիկայում ծրագիրը կմեկնարկի Մարտունիում, Արարատում և Եղեգնաձորում»,- հայտնեց Անդրեասյանը: