ՊՍԺ-ն պատրաստ է 130 միլիոն վճարել անգլիական ակումբի երկու խաղացողի համար
Ֆրանսիական ՊՍԺ-ն նպատակ ունի ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշին և եզրային հարձակվող Կրիսենսիո Սամերվիլին։ Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս մնացած լոնդոնյան ակումբը առաջինի տրանսֆերը գնահատել է 80 միլիոն եվրո, իսկ երկրորդինը՝ մոտ 50 միլիոն, գրում է armsport.am-ը:
Փարիզեցիները մտադիր են օգտվել այն հանգամանքից, որ «մրճահարներին» անհրաժեշտ է հրատապ կերպով բարելավել իրենց ֆինանսական դրությունը, և փորձելու են առավել շահավետ գործարք կնքել։ Այդուհանդերձ, նշվում է, որ ՊՍԺ-ի կողմից առայժմ որևէ պաշտոնական առաջարկ չի արվել:
21-ամյա Մատեուշ Ֆերնանդեշը նախորդ մրցաշրջանում «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը:
24-ամյա Կրիսենսիո Սամերվիլը 2025/26 մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 34 խաղի՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։ Նիդերլանդցի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականի կեսերին։



