ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փայլուն արդյունք է, մեր տղաները կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել․ Սերժ Սարգսյան

Փայլուն արդյունք է, մեր տղաները կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել․ Սերժ Սարգսյան

Երևանի օդանավակայանում երկրպագուները սպասում են Հայաստանի շախմատի հավաքականների ժամանելուն։ Այստեղ է նաև ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղամարդկանց հավաքական փայլուն արդյունք է գրանցել։
«Տղաները իրոք լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք գիտեինք, որ նրանք լավ հանդես կգան, բայց նրանք գերազանցեցին թե իրենց, թե իրենց մրցակիցներին», - ասաց Սարգսյանը։
 
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։
«Իսկ վերջին երեսուն տարիներին հայ շախմատիստները զիջել են միայն Ռուսաստանին։ Այսօր էլ շախմատը դպրոցում դասավանդվում է, մեր մասնագետներն էլ շարունակում են նոր ռազմավարական ծրագրեր կազմել մանկավարժական բուհի համար», - ասաց Սարգսյանը։
 
Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահը ասաց, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին»։
Հիշեցնենք՝ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:

  • Կիսվել: