ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը սիրող հայ նման հայտարարություն չէր անի․ ՀԲՖ նախագահը՝ Էրիկ Իսրայելյանի մասին

Ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը սիրող հայ նման հայտարարություն չէր անի․ ՀԲՖ նախագահը՝ Էրիկ Իսրայելյանի մասին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի հաղթող Էրիկ Իսրայելյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում և Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց չեմպիոն դառնալը դրոշակ դարձրած միայն պահանջներ են ներկայացնում, դա ստորություն է: Ընդ որում, Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին: Նա իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում»,- մանրամասնել է Հովսեփյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ ինքը Եվրոպայի առաջնությունից հետո ցանկացել է նրա հետ խոսել, բայց իմացել է, որ մարզիկն իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից:

«Մինչդեռ Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ մեր թիմը ոչնչի կարիք չի ունեցել, այդ թվում հավելյալ սննդի, անգամ՝ դեղորայքի: Այս և այլ բացասական երևույթներն իմանալով՝ ես չցանկացա խոսել ՝ համարելով դա անիմաստ: Նա պարզապես անուղղելի կերպար է, և փորձում է շանտաժ ու մանիպուլացիա անելով փող մուրալ և անհեթեթ պահանջներ ներկայացնել: Նա նշում է, որ կհրաժարվի Հայաստանը ներկայացնել, եթե իրեն փող չտան: Կարծում եմ՝ ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը իսկապես սիրող հայ նման հայտարարություն չէր անի»,- ընդգծել է Հովսեփյանը:

Ֆեդերացիայի նախագահը նաև շեշտել է՝ շատ ավելի տիտղոսակիր մարզիկներ երբևէ իրենց թույլ չեն տվել նման պահանջատիրական հայտարարություններ անել:

«Փոխարենը նրանք աչքի են ընկել համեստությամբ, որը գնահատվել է, և նրանք իրենց արժանի պարգևները ստացել են: Վստահեցնում եմ, որ, անկախ ամեն ինչից, ֆեդերացիան Էրիկ Իսրայելյանի համար ավելին է արել քան պետք էր: Դրա մասին գիտեն նաև բռնցքամարտի աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ»,- ասել է Հովհաննես Հովսեփյանը:

 

  • Կիսվել: