շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդե՞լ է դառնալ իրենց կուսակցության անդամ. պարզաբանում է  Ռոտենբերգը

Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդե՞լ է դառնալ իրենց կուսակցության անդամ. պարզաբանում է Ռոտենբերգը

Նատալյա Ռոտենբերգի ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից հեռացման պատճատը եղել այն, որ նա մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից, իր հերթին էլ Ռոտենբերգն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ նա մեղադրել է ֆեդերացիայի ղեկավարությանը՝ անգործության մեջ։

Նա մասնավորապես ասել է, որ տասնամյակներ շարունակ գեղարվեստական մարմնամարզություն սպորտաձևը անտեսվել է ֆեդերացիայի կողմից, Հայաստանում այն գրեթե գոյություն չունի կամ բուտաֆորիկ բնույթ է կրում, այսինքն երեխաներն այնտեղ գնում են զուտ մարզվելու՝ ֆիտնեսի համար, այլ ոչ լուրջ սպորտային հաջողություններ գրանցելու։

Նա նաև հավաստիացրել է, որ փորձել է քայլեր ձեռնարկել սպորտաձևը այդ վիճակից դուրս հանելու համար, սակայն ֆեդերացիայի ղեկավարությունը խանգարել է նրան։ 

«Նախքան իրադարձություններին անդրադառնալը՝ ցանկանում եմ ամփոփել հայկական գեղարվեստական մարմնամարզությունում իմ 4-ամյսա գործունեությունը: 

Ես մարզաձեւի հետ սկսել եմ աշխատել դեկտեմբերից: Այս կարճ ժամանակահատվածում մեծ գործ ենք արել: Ես այցելել եմ գրեթե բոլոր մարզադպրոցներ, ծանոթացել մարզաձեւի խնդիրներին: Անցկացրել եմ հատուկ նպատակային մրցաշար, որը միտված էր հասկանալ ոչ միայն հայ մարզուհիների ներուժը, այլեւ մարզիչների աշխատանքը: Ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել «Գազպրոմ-Արմենիայի» հետ, որպեսզի այնտեղ նույնպես ունենանք լավ պայմաններով մարզումներ: Ձեռք եմ բերել գորգ մարզիկների համար: Իմ անձնական միջոցներով կազմակերպել եմ ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում, որն անցկացնելու համար Հայաստան եմ հրավիրել Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Եկատերինա Պիրաժկովային: Նա հրաշալին աշխատանք է կատարել երեխաների հետ: Իմ նախաձեռնությամբ գեղարվեստական մարմնամարզությունն արդեն ունի եւս երկու միջազգային կարգի մրցավար: Նաեւ դրսից հրավիրել եմ միջազգային կարգի մրցավարի, ռուս Աննա Սվիրինա: Նա երկրորդ կատեգորիայի մրցավար է, մարզիչ: Ռուսաստանից է, բայց արդեն ունի հայկական անձնագիր եւ ներկայացնում է Հայաստանը:

Ես կազմակերպել եմ սեմինարներ, որոնց շատերը չէին ցանկանում մասնակցել: Ուզում եմ ընդգծել Շահինյանի անվան մարզադպրոցը, որը բացահայտ բոյկոտեց իմ սեմինարները, նաեւ այնտեղի մարզիչները չցանկացան աշխատել ինձ հետ: 

Ես կարողացա այս մարզաձեւի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Նախարարությունն արդեն «թաղել» էր այս մարզաձեւը, բայց միայն իմ ներկայությունը, միայն ինձանով գեղարվեստական մարմնամարզության նկատմամբ ուշադրությունը մեծացավ:

Ես նաեւ ունեի տարվա աշխատանքային պլան եւ արդեն նախագծած մրցաշարեր, սեմինարներ, գործեր, որոնք միտված էին Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: Այժմ այդ ամենը հանձնում եմ ֆեդերացիային: Մենք ունենք մրցաշարեր, որոնց արդեն հայտեր ենք ներկայացրել, հուսամ ֆեդերացիայի նախագահն ամեն ինչ կանի, որպեսզի մեր մարզուհիները հնարավորություն ունենան մասնակցել մրցաշարերի, ճանապարհորդել, ունենալ ուսումնամարզական հավաքներ:

Այդպես օրինակ, արդեն մայիսին նախատեսված էր մեծ հավաք Ծաղկաձորում, որին մասնակցելու էին 100 մարզուհի: Պարոն Վանոյանը խոստացել է հոգալ այդ հավաքի ծախսերը, այնպես ինչպես ես հոգացի առաջին հավաքի ծախսերը: Մտադրված էի այդ հավաքին եւս մեկ անգամ հրավիրել Եկատերինա Պիրաժկովային, որպեսզի նա ամրապնդեր այն ամենն, ինչ սովորեցրել էր առաջին հավաքի ժամանակ: Բայց այլեւս Եկատերինա Պիրաժկովան անվճար չի գա Հայաստան, նա մեծ գումարներ արժի»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը:

Անդրադառնալով ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից իրեն հեռացնելու եւ ֆեդերացիայի հետ համագործակցությունը խզելու մասին, Ռոտենբերգը նշեց.

«Ես ոչինչ չեմ կորցրել, նրանք են կորցրել: Ինձ չեն հեռացրել: Հեռացնում են այն մարդուն, ում աշխատավարձ են տալիս: Ես աշխատավարձ չեմ ստացել, ինչը նշանակում է՝ ինձ չեն հեռացրել: Սա իմ անձնական նախաձեռնությունն է եղել մտնել գեղարվեստական մարմնամարզություն: Ես իմ հեռանալու եւ փոխնախագահի կարգավիճակից ազատվելու մասին իմացել եմ ուրիշ մարդկանցից: Ինձ որեւէ մեկը նույնիսկ չի հրավիրել հանդիպման, ֆեդերացիան, սպորտի նախարարությունը համարձակություն չեն ունեցել ինձ կանչել հանդիպման եւ ասել, որ ես ինչ–որ բանը սխալ եմ անում, ինչը նրանց դուրս չի գալիս: Ամեն ինչ արվել է շատ կտրուկ:

Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես մեկ տարի առաջ էլ եմ զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել եմ վարչապետի ընտրություններին: Ես եկել եմ Հայաստան քաղաքականության միջոցով հանուն ամուսնուս: Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե ես գեղարվեստական մարմնամարզություն մտնելով պետք է դադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը, չարաչար սխալվել է: Ես պիտի լինեմ քաղաքականությունում: Ես ուսումնասիրել եմ եւ իմացել, որ Հայաստանում օրենքը չի արգելում քաղաքական գործիչին լինել նաեւ սպորտում, այդպես օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է եւ զուգահեռ Օլիմպիական կոմիտեի նախագահ, ձեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահ էր եւ համատեղ շախմատի ֆեդերացիայի նախագահ: Ամեն մարզիկ հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ: Այստեղ սպորտը եւ քաղաքականությունը համատեղելու խնդիրը չէր: Սա չի պատճառը, որ ինձ ազատել են փոխնախագահի պաշտոնից: Պատճառն այն է, որ ես հաջողում էի, ես սկսել էի դուր գալ մարդկանց, ես հեղինակություն էի ձեռք բերել, մարդիկ սկսել էին ինձ վստահել եւ կանգնել իմ կողքին: Այս ամենի պատճառը վախերն էին, որոնք ունեցավ ֆեդերացիան կամ երեւի կառավարությունը: Սա վախ է, որ գուցե ես կարողանամ բնակչության մեծ մասին գրավել իմ կողմը:

Երբ ինձ ասում են, որ ես օգտագործել եմ մարզաձեւը, մարզիչներին, ծնողներին իմ գաղափարներին, քաղաքական հայացքներին ներգրավելու նպատակով, հիմա էլ հայտարարում եմ՝ սիրելի ծնողներ, մարզիչներ, եկեք իմ կողմ, ընդունեք իմ քաղաքական հայացքները: Եթե դուք ցանկություն ունեք, որ ձեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, կանգնեք իմ կողքին:

Հայտնի է, որ վերջին շրջանում պարոն Արզաքանցյանը բացում է կուսակցություն, որը գլխավորելու է: Ես էլ որպես նրա կին՝ լինելու եմ նրա կողքը, լինելու եմ կուսակցության անդամ: Ես նրա հետ գնալու եմ մինչեւ վերջ: Այս պատճառով այո, ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցությունը համալրելու համար, մեր կուսակցության անդամ լինել: Սա նորմալ քաղաքական գործընթաց է, քաղաքական հայացքների քարոզչություն: Եվ ես շարունակելու եմ բոլորին խորհուրդ տալ անդամակցել մեր կուսակցությանը: Մարդ ընտրության հնարավորություն ունի»,- մանրամասնեց Նատալյա Ռոտենբերգը:

Նշենք, որ մարտի 29-ին ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Նատալյա Ռոտենբերգին ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից ազատելու եւ համագործակցությունը դադարեցնելու մասին: Ֆեդերացիան եւ նախագահ Գագիկ Վանոյանն ավելի ուշ մեկնաբանեցին, որ նման որոշում կայացնելու պատճառը սպորտը քաղաքականությունից հեռու պահելու նպատակն է:

 

 

 

 

 

  • Կիսվել: