ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերը

Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերը

Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն այդ մասին ասել է   Sport-express-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե իրավունք ունի փոխել սպորտային քաղաքացիությունը, Տիկնիզյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ դա ցանկության հարց է:
 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նորություն ունի այդ ուղղությամբ, նա պատասխանել է. «Առայժմ ոչինչ չկա»:

Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: «Ես նրանց առավելագույն հարգանքով եմ վերաբերվում: Նրանց ասել եմ, որ կյանքում ամեն ինչ կարող է փոխվել: Եթե այսօր ես ոչ եմ ասել, վաղը կարող եմ այո ասել: Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ կընդունե՞ն նրանք ինձ, թե՞ ոչ: Բայց սա չի նշանակում, թե ինչ-որ բան կլինի: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, ապրում ենք այսօրվա օրով»,- ասել է Տիկնիզյանը՝ նշելով, որ վերջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իր հետ կապ են հաստատել մոտ 6 ամիս առաջ:

Հարցին, թե այս պահին սպասո՞ւմ է Ռուսաստանի հավաքականի հրավերին, Տիկնիզյանն ասել է. «Ես ոչ մի բանի չեմ սպասում: Սպասում եմ, որ իմ թիմը կհաղթի, ինձ համար դա ավելի կարևոր է ցանկացած հավաքականից: Ցանկանում եմ, որ «Լոկոմոտիվ»-ը մրցաշարային աղյուսակում վերև բարձրանա որքան հնարավոր է, իսկ հավաքականը ներկա պահին ինձ համար երկրորդական է»:

  • Կիսվել: