երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մորն ազատ են արձակել, հորը՝ ոչ. Լուիս Դիասի ծնողների առևանգման սարսափելի պատմության հետքերով

Մորն ազատ են արձակել, հորը՝ ոչ. Լուիս Դիասի ծնողների առևանգման սարսափելի պատմության հետքերով

Հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի կյանքում։ Աշնան երկրորդ ամսվա 29-ին աշխարհի բոլոր լրատվականները տարածեցին տեղեկատվություն, որ Կոլումբիայի Բարանկաս քաղաքում բնակվող ֆուտբոլիստի ծնողներին առևանգել են անհայտ մարդիկ։ Առևանգումը տեղի է ունեցել, երբ ֆուտբոլիստի ծնողները վերադառնալիս են եղել տուն։

 

Ըստ ESPN-ի՝ զինված մարդիկ մոտոցիկլետներով մոտեցել են իրենց մեքենային, առանց հարցնելու նստել և տարեց մարդկանց տարել անհայտ ուղղությամբ։ Marca-ն գրում է, որ ամեն ինչ զենքի սպառնալիքով է տեղի ունեցել. Ծնողներն առևանգվել են բենզալցակայանից։ Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որոնցում ենթադրյալ առևանգողները հետապնդում են Դիասի ծնողների մեքենան։

 

 

Ի լրումն  ESPN-ի, Marca-ն գրում է նաև, որ քաղաքային իշխանությունները մտավախություն ունեին, որ նման դեպք տեղի կունենար։ Դեպքից կարճ ժամանակ առաջ նրանք զգուշացրել էին ծնողներին հեռու մնալ տնից։ Նման մտավախություն Կոլումբիայում ունենալը պատահական չէ, քանի որ մարդկանց առևանգումն այնտեղ սովորական երևույթ է։

Այժմ սա դարձել է ազգային կարևորության խնդիր։ Հարցին խառնվել է անձամբ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Կարճ ժամանակ անց նա հայտարարել է, որ Լուիս Դիասի մայրը՝ Չիլենիս Մարուլանդան, ազատ է արձակվել։ Նրան հայտնաբերել են անցակետերից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ։ Ֆուտբոլիստի հոր՝ Մանուել Դիասի որոնումները շարունակվում են, իսկ փրկարարական աշխատանքներին էլ միացել են զինվորականները։

Այսօր հայտնի էր դարձել, որ Դիաս-ավագին ազատ են արձակելու երեկոյան, սակայն նույն Գուստավո Պետրոն հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ հանցագործները մինչև հիմա իրենց խոստումը չեն կատարել։ «Ժամանակը գնում է, իսկ իրավիճակը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում», – հայտարարել է երկրի առաջին դեմքը։ Ֆուտբոլիստի հայրական տան մոտ առևանգման օրվանից մինչև այսօր հասարակ մարդկանց և ոստիկանների հոծ բազմություն է հավաքված։

«Լիվերպուլը» պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ ակումբը կապի մեջ է Կոլումբիայի իշխանությունների հետ. «Մենք հուսով ենք, որ այս հարցը հնարավորինս շուտ կլուծվի: Ֆուտբոլիստի բարեկեցությունը մնում է մեր առաջնահերթությունը»:  Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես աջակցություն է հայտնել Դիասին. «Մենք մեր ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի կողքին ենք։ Կոչ ենք անում համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար, հանցագործներին էլ՝ արագ վերադարձնել ֆուտբոլիստի հորը»:

Իսկ ովքեր են առևանգողներն ու նրանց դեմ պայքարող ուժերը

Դիասի ծնողներին փրկելու գործողության ղեկավարներից մեկը գնդապետ Ջովանի Կրիստանչոն է։ Նա «Հանուն մարդկային ազատության միացյալ գործողությունների խմբի» ղեկավարն է, որը մասնագիտացած է պատանդների ազատագրման գործում։ Սրանք էլիտար ստորաբաժանումներ են, որոնք ստեղծվել են 1996 թվականին և նվիրված են բացառապես առևանգումների և շորթումների դեմ պայքարին։

Նման կառույցի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր, քանի որ  դեռևս 2000-ականների սկզբին Կոլումբիան աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում առևանգումների մեջ: Այն ժամանակ հանրապետությունում տարեկան գրանցվում էր 3500 նման դեպք։ Այս արատավոր երևույթը սկիզբ է առել 1970-ականների սկզբին, որը նախ օգտագործել են պարտիզանական շարժումների ներկայացուցիչները, ապա՝ հանցավոր խմբավորումները: Դրանց մեծ մասն իրականացվել է երկրի ամենամեծ ձախակողմյան ռազմական խմբավորման՝ FARC-ի կողմից։ Ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ հանցագործներն առևանգել են Կոլումբիայի նախագահի թեկնածու Ինգրիդ Բետանկուրին։ Նա ազատ է արձակվել հատուկ գործողության ժամանակ միայն 2008 թվականին՝ ավելի քան վեց տարի պատանդ մնալուց հետո։

Բացի քաղաքական դրդապատճառներից, մարդկանց առևանգում են փողի համար՝ կա՛մ փրկագին են պահանջում, կա՛մ պատժում են զինված խմբավորումների օգտին այսպես կոչված «հարկերը» չվճարելու համար։ Ոստիկանության տվյալներով՝ այժմ Կոլումբիայում առևանգումների թիվը 2000 թվականի համեմատությամբ նվազել է 92%-ով։ Մինչև 2016 թվականը այդ թիվը նվազել էր մինչև 205-ը և շարունակում էր նվազել: Ճիշտ է, այս տարի դրական դինամիկան խաթարվել է. առաջին 6  ամիսներին գրանցվել է 173 դեպք՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 80-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ նախագահի աշխատակազմը խաղաղության բանակցություններ է վարում երկրում ամրացած պարտիզանական խմբի՝ ELN-ի (Ազգային ազատագրական բանակ) հետ։

Ներկայումս Կոլումբիայում առևանգումների մեծ մասը կատարվում է սովորական հանցագործների կողմից։ Գոյություն ունի նույնիսկ «էքսպրես առևանգում» տերմինը. նրանց նպատակը հարազատներից կամ հենց առևանգվածից արագ փրկագին ստանալն է. Գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ նրանք ստիպել են զենքի սպառնալիքով գումար հանել բանկոմատից: Դիասի ծնողներին առևանգողների դրդապատճառները դեռևս չեն հաղորդվում։ Կիրակի օրը «Լիվերպուլը» մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։ Բնականաբար, Լուիսը չկար հայտացուցակում. հիմա հաստատ ֆուտբոլային տրամադրված չէ։

Ֆուտբոլային աշխարհում խաղացողների ծնողների և/կամ հարազատների առևանգում, բացի այս դեպքից, էլի է գրանցվել։ Ամենահայտնի պատմությունը, թերևս, «Միլանի» նախկին պաշտպան, ներկայումս Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի եղբոր առևանգումն է։ 2001 թվականի գարնանն անհայտ անձինք առևանգել էին ֆուտբոլիստի եղբորը՝ Լևան Կալաձեին։ Սարսափելին այն է, որ ֆուտբոլիստի եղբորը առևանգելուց 1 շաբաթ անց սպանել են, որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերել են պատահական մարդիկ և այդ մասին հայտնել են ոստիկանություն։ Վրաստանի ուժային կառույցները, սակայն, մինչև հիմա անհայտ պատճառներով, թաքցրել են դիի իսկությունը։ Առևանգումից միայն 6 տարի անց է հաջողվել վերջակետ դնել գործին ու հատուկ ԴՆԹ փորձաքննության շնորհիվ ապացուցել, որ տարիներ առաջ հայտնաբերվածը Կալաձեի եղբայրն է։

  • Կիսվել: