ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ կխաղա հարձակողական կիսապաշտպանի դիրքում

Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ կխաղա հարձակողական կիսապաշտպանի դիրքում

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մտադիր է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին օգտագործել հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսից մի փոքր հետ քաշված, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

«Ինձագիի ծրագիրը հետևյալն է. մարզիչը մեկնարկային կազմում չի ընդգրկի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, որն, ամենայն հավանականությամբ, հարձակման գծում թարմություն կմտցնի երկրորդ կեսում: Հենրիխ Մխիթարյանը, խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում, հաճախ կտեղափոխվի ենթահարձակվողի դիրք՝ փոխարինելով Ջեկոյին: Ինձագին բոսնիացի ռմբարկուին ցանկանում է պահել երկրորդ կեսի համար, քանի որ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու արգենտինացի հարձակվող Խոակին Կորեան վնասվածքներ ունեն: Մխիթարյանը բազմակողմանի կիսապաշտպան է, որը կարող է խաղալ և՛ հենակետային, և՛ կենտրոնական, և՛ հարձակողական կիսապաշտպանի դիրքերում: Հայ ֆուտբոլիստը հաջողությամբ կարող է գործել նաև հարձակման եզրերից»,- Gazzetta dello Sport-ին հղում կատարելով գրել է Sempreinter-ը:

Հիշեցնենք, որ երրորդ տուրում միլանյան գրանդը նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել կատալոնացիների նկատմամբ, իսկ Մխիթարյանը տանտերերի կազմում խաղացել էր առանց փոխարինման։

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին:

 

  • Կիսվել: