Մեսսիի դուբլն ու Սուարեսի գոլն Ինտեր Մայամիին հաղթանակ պարգևեցին Ֆիլադելֆիայի դեմ խաղում (տեսանյութ)
Ավարտվել է MLS-ի հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» հանդիպել է «Ֆիլադելֆիա Յունիոնին» և 3:1 հաշվով հաղթանակ տարել, գրում է armsport.am-ը:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ևս մեկ գոլ խփել է Լուիս Սուարեսը։
Ընդ որում, արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում դուբլ է ձևակերպել չորս րոպեում. երկրորդ գոլն արգենտինացու համար 840-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։
Նշենք, որ Մեսսին երկու ամսում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել կոճի վնասվածքից հետո, որը ստացել էր Կոլումբիայի հավաքականի հետ՝ հուլիսի 14-ին անցկացված Կոպա Ամերիկայի եզրափակիչ հանդիպման ժամանակ (1:0):
«Ֆիլադելֆիա Յունիոնի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Միքայել Ուրեն:
Այսպիսով, «Ինտեր Մայամին» տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը: «Ֆիլադելֆիա Յունիոնն» իր երկրորդ պարտությունն է կրել վերջին երեք հանդիպումներում։