երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մենք վիրավորել ենք հյուրերի երկրպագուներին, նման պահվածքը վնասում է ֆուտբոլին. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Մենք վիրավորել ենք հյուրերի երկրպագուներին, նման պահվածքը վնասում է ֆուտբոլին. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը կարող է ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների պատճառ դառնալ։

Կոբիաշվիլին անընդունելի է համարել հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքը։ Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ և վազել դեպի վրացի ֆուտբոլիստները: Ֆուտբոլիստների՝ հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ ու սկսել պլաստիկե և մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ:

«Այս անպատշաճ պահվածքի պատճառով մենք և՛ վիրավորեցինք հյուրերի երկրպագուներին, և՛ հնարավորություն չտվեցինք մեր հավաքականին հաղթանակը տոնել իր երկրպագուների հետ: Նման պահվածքը վնասում է և՛ ֆուտբոլին, և՛ երկրի միջազգային հեղինակությանն ընդհանրապես: Նշված միջադեպը կարող է ՈՒԵՖԱ-- կողմից պատժամիջոցների պատճառ դառնալ, համապատասխանաբար վնաս հասցնել նաև մեր հավաքականին և նրա երկրպագուներին»,- սոցցանցում գրում է Կոբիաշվիլին։

Վրացական երկրպագուների շարժումն էլ չի բացառել, որ այս պահվածքի պատճառով Թուրքիայի հետ Վրաստանի ամենակարևոր հանդիպումը կարող է կայանալ առանց հանդիսականի։

  • Կիսվել: