ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը բացառիկ ցուցանիշով Աշխարհի առաջնության առաջատարն է

Մարիամ Մկրտչյանը բացառիկ ցուցանիշով Աշխարհի առաջնության առաջատարն է

Ռումինիայում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում վստահ ելույթներով հիացնում է Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարը ուղղակի անկասելի է: Նա տոնել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Մարիամը սպիտակներով 52-րդ քայլին պարտության է մատնել ղազախ Լիա Կուրմանգալիևային: Մկրտչյանը 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ կես միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող իսպանուհի Մարիա Էյզագերիին: Նշենք որ Մարիամի 100 տոկոսանոց ցուցանիշը բացառիկն է մրցաշրջանի բոլոր տարիքային խմբերում հանդես եկող 600-ից ավելի շախմատիստների շրջանում:

Հաջող ելույթներ է ունենում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, որը 6-րդ տուրում սպիտակներով հաղթելով գերմանացի Մարիուս Ֆրոմին, 5 միավորով ղազախ Կազիբեկ Նոգերբեկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սարգիս Սարգսյանի հաշվին 4 միավոր է գրանցված:

Էմին Օհանյանն էլ 5,5 միավորով Ֆրանսիան ներկայացնող Տիմոթե Ռազաֆինդրացիմայի հետ գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի աղյուսակը: Էմինը հաղթել է հնդիկ Պրանեշին:

Տարիքային նույն խմբում ելույթ ունեցող Արսեն Դավթյանը 4,5 միավորով 10-րդ տեղում է: Ալեքս Սահակյանը ունի 3,5 միավոր:

Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքն ունի Անի Ավետիսյանը, որը ոչ-ոքի խաղալով ուկրաինուհի Բոժենա Պիդուբնայի հետ, վաստակել է 4,5 միավոր:

Հայ շախմատիստներից 6-րդ տուրում հաղթանակներ են տարել նաև Բենիկ Աղասարովը (Մ14, 4,5 միավոր), Ռուդոլֆ Փաշիկյանը (Մ14, 4 միավոր) և Վերոնիկա Խաչատրյանը (Մ18, 3,5 միավոր):

Այսօր կկայանան 7-րդ տուրի մրցախաղերը: Առաջնության ավարտին մնացել է 5 տուր:

  • Կիսվել: