ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանուել Պետրոսյանը առաջատարն է. Chess Mood Open

Մանուել Պետրոսյանը առաջատարն է. Chess Mood Open

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ավարտին է մոտենում շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարը: Նախավերջին՝ 8-րդ տուրում, երկու առաջատարներն էլ իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:

Մանուել Պետրոսյանը սպիտակներով արդեն 15-րդ քայլին հաշտություն է կնքել Արման Փաշիկյանի հետ, իսկ իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան ոչ-ոքի է խաղացել վրացի Միխեիլ Մչեդլիշվիլիի հետ:

Վերջին տուրից առաջ Մանուել Պետրոսյանն ու Ամիռեզա Փուր Աղա Բալան 7-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղում Մանուել Պետրոսյանն է:

Առաջատարները մեկ միավորով առաջ են անցել մոտակա 4 հետապնդողներից, որոնց թվում է Շանթ Սարգսյանը: Վերջինս սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին: 5,5-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը:

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 միլիոն 250 հազար դրամ է, որից 2,5 միլիոնը կստանա հաղթողը: Chessify ընկերությունն էլ մրցաշարի հաղթողին կպարգևատրի 700 դոլարով:

Այսօր կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Շանթ Սարգսյանի հետ, իսկ Ամիռեզա Փուր Աղա Բալան սպիտակներով կմրցի իր հայրենակից Արաշ Դաղլիի հետ:

  • Կիսվել: