ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահացել է Օղակների արքան․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ Ալբերտ Ազարյանի մասին

Մահացել է Օղակների արքան․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ Ալբերտ Ազարյանի մասին

«Սեպտեմբերի 5-ին Երևանում 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ալբերտ Ազարյանը՝ հայկական սպորտի խորհրդանիշը և երկու մարմնամարզիկներից մեկը, որ երկու անգամ թագադրվել է՝ որպես օլիմպիական չեմպիոն»,- գրում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքը։

Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ․

«Ազարյանի հետագիծը դեռահաս դարբինից մինչև մարմնամարզության լեգենդ մնում է սպորտի ամենանշանավորներից մեկը: Ծնված լինելով 1929թ. փետրվարի 11-ին, այն ժամանակվա Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, Ազարյանը հոր մահից հետո թողնում է դպրոցը պատանեկության տարիներին և աշխատանքի է անցնում որպես դարբին` ընտանիքը պահելու համար:

Նա ծանոթացել է մարմնամարզությանը, երբ մի խումբ հայ մարմնամարզիկներ ցուցադրություններ են ունեցել իր քաղաքում։ Տեսածից ոգեշնչված՝ Ազարյանն ինքն է մոտեցել գործիքներին։ Լեգենդն ասում է, որ ցուցահանդեսից հետո, երբ նա և մի քանի այլ երիտասարդներ փորձել են սարքավորումները, Ազարյանի ճարպկությունը նրան ակումբին միանալու ակնթարթային հրավեր է բերել:

Ազարյանը որպես դարբին զարգացրած ուժը վերածեց նորարարության «Երկաթե օղակների» վրա: Նա հայտնի դարձավ 1953 թվականին Խորհրդային Միության իր առաջին առաջնությունում՝ ցույց տալով, թե ինչն է դառնալու իր նշանավոր տարրը՝ ամբողջությամբ ձգված իր մարմնով երկաթե խաչը։ Տարրը հետագայում հայտնի դարձավ որպես «Ազարյանական խաչ»։

Նա դարձավ ուժեղ սովետական տղամարդկանց թիմի հիմնական անդամը, որը նվաճեց Աշխարհի առաջնության ոսկե մեդալները 1954 և 1958 թվականներին և օլիմպիական տիտղոսը՝ 1956 թվականին, ինչպես նաև արծաթը՝ 1960-ին: Որպես անհատ, ոչ ոք ավելի լավը չէր օղակների վրա 1950-ականներին: Ազարյանը 1954 և 1958 թվականներին եղել է աշխարհի չեմպիոն, իսկ 1956 թվականին Մելբուռնում և 1960 թվականին Հռոմում օլիմպիական չեմպիոն է դարձել: Նակայամա Ակինորին երկրորդ մարզիկն է, որը երկու օլիմպիական տիտղոս է նվաճել գործիքի վրա:

Երբ Հռոմի Օլիմպիական խաղերից անմիջապես հետո նա հեռացավ մրցումներից, ինը համաշխարհային և օլիմպիական մեդալ ուներ: Թիմակից Հրանտ Շահինյանի հետ միասին Ազարյանի նվաճումները ճանապարհ հարթեցին հայ երիտասարդ մարմնամարզիկների մի սերնդի համար, որոնց թվում էր նրա որդին՝ Էդուարդը, որը հետագայում դարձավ 1980 թվականի օլիմպիական հավաքականի անդամ, որը ոսկե մեդալ նվաճեց Մոսկվայում:

Նա այնքան երկար ապրեց, որ տեսնի, թե ինչպես է Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկը նվաճում ամենամեծ բարձունքը՝ Հայաստանի դրոշի ներքո: Երեքշաբթի, 2022 թվականի հենացատկի աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել Ազարյանի հիշատակին։ «Հայկական սպորտի ԼԵԳԵՆԴ»,- գրել է Դավթյանը»։

Նյութը՝ armsport.am-ի:

  • Կիսվել: