Հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է. քաղաքապետի խոսնակը՝ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ հանդիպել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ:
«Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։ Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։
Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հեռացրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։



