Մադրիդի Ռեալի ավագ Կարվախալն առաջարկներ է ստացել այլ ակումբներից
Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան և թիմի ավագ Դանիել Կարվախալը շարունակում է դիտարկել իր կարիերայի հնարավոր զարգացումները: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին, և փորձառու իսպանացին արդեն հայտնվել է տրանսֆերային շուկայի ուշադրության կենտրոնում, գրում է armsport.am-ը:
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Մատեո Մորետտոն, Կարվախալն առաջարկներ է ստացել Եվրոպայից դուրս հանդես եկող մի շարք ակումբներից, որոնց անուններն առայժմ գաղտնի են պահվում: Ակնկալվում է, որ խաղացողն առաջիկա ամիսներին մանրամասն կուսումնասիրի բոլոր հասանելի տարբերակները և կկայացնի իր ապագային վերաբերող վերջնական որոշում:
Հիշեցնենք, որ Կարվախալը «սերուցքայինների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 445 հանդիպում: Այդուհանդերձ, ընթացիկ մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստի խաղաժամանակը նկատելիորեն կրճատվել է. նա մադրիդյան գրանդի մարզաշապիկով մասնակցել է 17 հանդիպման՝ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալով ընդամենը 6 անգամ:


