շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լաս  Վեգասում  կազմավորվել է  Համահայկական  խաղերի  համաշխարհային կոմիտեի  ԱՄՆ ևս մեկ  քաղաքային խորհուրդ

Լաս Վեգասում կազմավորվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ԱՄՆ ևս մեկ քաղաքային խորհուրդ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա) և նախագահի օգնական Սարգիս Վաթյանը Հյուսիսային Ամերիկա աշխատանքային այցի շրջանակներում, Լաս Վեգասի հայաշատ քաղաքում, հանդիպումներ են ունեցել նոր ձևավորված քաղաքային խորհրդի անդամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գրասեյակից հայտնում են, որ Լաս Վեգասի քաղաքային խորհրդի նախագահ Հայկ Սահակյանը, ներկայացնելով կատարված աշխատանքներն, ասել է, որ արդեն ձևավորվել  են ֆուտբոլի, բասկետբոլի և կանանց  վոլեյբոլի  թիմերը,  ունեն  նաև որոշ մարզիկներ անհատական  մարզաձևերից:

Ուրվագծվել է անհատ բարերաների այն  շրջանակը  ևս, ովքեր  ֆինանսապես օգնելու են քաղաքային խորհրդին: Իշխան Զաքարյանը գոհունակությամբ  նշել է,  որ  անցած տասն ամիսների  ընթացքում  կատարվել  է լուրջ  աշխատանք  և  այլևս  կասկածից վեր  է, որ  ԱՄՆ  ևս  մեկ  քաղաքի  մարզիկներ  կմասնակցեն  ամառային խաղերին:

Հանդիպման  ընթացքում  ՀԽՀԿ նախագահը վկայականներ է հանձնել  Լաս  Վեգասի  քաղաքային  խորհրդի  առաջին  քսան  անդամներին:  

Հաջորդ  օրերի   բավականին  լուրջ  և  շահագրգիռ  քննարկումների  առանցքում     նաև  Համահայկական  մարզական  Վիլիջի  շինարարության  հետ  կապված  հարցն  էր:  Նախատեսվող  «համերգ-հանգանակություն»  միջոցառման շրջանակներում  Իշխան   Զաքարյանը,  Ալբերտ  Բոյաջյանը  (ԱՄՆ)  և  Վրեժ Շառոյանը  (Սիրիա)  հանդիպել են  հայկական  շոու-բիզնեսի  ներկայացուցիչների ,  սիրված  երգիչների   հետ:  

ՀԽՀԿ   պատվիրակությունն   առաջիկա   օրերին   ևս  մի   շարք  կարևոր  հանդիպումներ  կունենա   ու   դեկտեմբերի  7-ին  կավարտի   աշխատանքային  այցն  ԱՄՆ:

 

  • Կիսվել: