Լա լիգայի նախագահին սպառնում է մինչև 15 տարվա որակազրկում
Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը:
«Ռեալը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավիեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց իրավունքները:
Իսպանիայի սպորտային խորհուրդը հարցը ներկայացրել է Վարչական սպորտային դատարանին՝ ենթադրյալ լուրջ խախտման վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար:
Իսպանիայի «Սպորտի մասին օրենքի» համաձայն՝ նման խախտումների հետևանքները կարող են տատանվել հանրային նկատողությունից մինչև սպորտային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում 2-15 տարի ժամկետով կամ նույնիսկ նախագահի պաշտոնից ազատում:
Ակումբը նաև պնդում է, որ Խավիեր Տեբասի գործողություններում կա խտրական վերաբերմունք:
Իսպանիայի սպորտային խորհուրդը արդեն եզրակացրել է, որ անանուն հարցման (հատկապես մրցավարության վերաբերյալ) արդյունքների գաղտնի մնալը ողջամիտ է: Այժմ Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը որոշել է հետաքննություն սկսել՝ պարզելու՝ արդյոք լուրջ խախտում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
Այս հետաքննությունը կարող է էական հետևանքներ ունենալ Տեբասի համար, և ըստ իսպանական աղբյուրի՝ կարող է ավելի սրվել «Ռեալի» ու Լա լիգայի ղեկավարության միջև լարվածությունը: