ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Գիլոյանը մասնակցել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը

Կարեն Գիլոյանը մասնակցել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր տեղի է ունեցել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և բաձրաստիճան այլ անձինք:

Պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից 13 երկրների անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը: Հայաստանի դրոշակակիրը Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանն էր:

Արդեն այսօր մեկնարկում է նաև մրցումային ծրագիրը: Առաջին մեդալները կշնորհվեն հուլիսի 29-ին՝ լողորդներին, իսկ հուլիսի 30-ին՝ լողորդներին և գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչներին:

Այսօր առավոտյան ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինն ընդունել է Մարզական խաղերի մասնակից բոլոր 13 երկրների պատվիրակությունների ղեկավարներին և սպորտի ոլորտի պատասխանատուներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա հիանալի միջոցառում է պատանիների համար՝ ծանոթանալու, մրցելու և իրենց ապագա մրցակիցներին ճանաչելու համար. «Եթե նախորդ Խաղերին Հայաստանը սիմվոլիկ մասնակցություն է ունեցել՝ ընդամենը մեկ հրաձիգով, ապա այս տարի արդեն 22 մարզիկով ենք մասնակցում և հաղթանակների մեծ ակնկալիքներ ունենք: Մեզ համար սա իսկապես կարևոր միջոցառում է»‎:

Հայաստանի պատվիրակները երեկ մասնակցել են նաև մարզական ավանի բացման արարողությանը:

Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ կմասնակցի Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թայիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը կանցկացվեն հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Վլադովոստոկում:

  • Կիսվել: