երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:

«Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի: Ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին ու մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ համահայկական այս տոնը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Միջոցառման շրջանակում կայացել է նաև պարգևատրման արարողությունը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Կոտայքի մարզի պատվիրակությունը: «Արդար խաղի» մրցանակին արժանացել է Մոնրեալի թիմը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն է ճանաչվել Վոլգոգրադի թիմը, իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացել է Լիբանանի թիմը:

Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի շնորհակալագրով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքից: Համահայկական խաղերը սպասարկել է 76 մրցավար, 150 կամավոր:

  • Կիսվել: