ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հովհաննես Բաչկովի 6-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Հովհաննես Բաչկովի 6-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն  Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մենամարտեց Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամազանի հետ եւ հաղթել է տեխնիկական նոկաուտով: 5-րդ ռաունդում ռինգի մրցավարը կանգնեցրել է մենամարտը եւ հաղթանակը շնորհվել է Հովհաննես Բաչկովին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագը տեւական դադար էր վերցրելու մարզական կարեիրայում եւ չէր մասնակցում մրցաշարերի: Հավաքականի կազմում նա իր ցանկությամբ հրաժարվել էր մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, ապա ձեռքերի երկու վիրահատություն տարել: Պրոֆեսիոնալ ռինգում նախորդ մենամարտն անցկացրել էր 2023 թ. ապրիլի 14-ին Լոնդոնում, որտեղ նոկաուտով հաղթել էր վենեսուելացի Խոսե Մունյոսին:

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ: Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին գյումրեցի բռնցքամարտիկը դեռ չի հայտարարել, բայց 2023 թ. աշխարհի առաջնությունից հետո մրցաշարերի չի մասնակցում:

  • Կիսվել: