չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ. Կապառոս

Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ. Կապառոս

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը։

ՀՖՖ տեղեկացմամբ՝ նա ասել է․ «Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում:

Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս անդրադարձել է Մխիթարյանի հայտարարությանը. «Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից:

Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ՝ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»:

  • Կիսվել: