Հայկ Մարտիրոսյանը` շախմատի ակումբային ԱԱ-ում իր գրանցած հաջողության ու Անանդի հետ թիմային աշխատանքի մասին
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը կարևորում է իր գրանցած հաջողությունը շախմատի աշխարհի ակումբային առաջնությունում։
«Շախմատի ակումբային առաջնության առաջին անգամ կազմակերպումից հետո մեծ ոգևորություն էր առաջացրել: Մինչ այս չկար արագ և կայծակնային շախմատի թիմային նման մրցաշար: Իրականում մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով` այս տարվա մասնակցությունն առավել կարևորվեց նրանով, որ նույն թիմի կազմում ընդգրկված էր աշխարհի 5-ակի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
«Ինձ համար Անանդի հետ ամենօրյա շփումը շատ կարևոր էր, քանի որ նա գիտելիքի առումով ամենափորձառուն է: Ես փորձում էի ստանալ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք կապված էին սկզբնախաղի հետ: Ինձ համար նա բացառիկ շախմատիստ է` հումորով, անմիջական ու համեստ»,-առանձնացրեց նա:
Ըստ Մարտիրոսյանի՝ իր թիմի` «Freedom»-ի համար մրցաշարը հաջող էր, քանի որ արագ շախմատի թիմային հաշվարկում նրանք 3-րդն էին, իսկ առանձին խաղատախտակների հաշվարկում Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է առաջին և երրորդ հորիզոնականները:
Շախմատի աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 3 տարի առաջ: Առաջնությունն անցկացվում է 6 խաղատախտակով, որից 4-ը պրոֆեսիոնալ շախմատիստներ են, մեկը կին շախմատիստ ու վերջինն էլ սիրողական մակարդակի շախմատասեր:
Հաջորդիվ Հայկ Մարտիրոսյանը «Անյե» ակումբի կազմում կմասնակցի Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը, որտեղ իր թիմը հասել է կիսաեզրափակիչ: