հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 9-12-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված կլինի 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերը կփորձեն հեռացատկ, վազք, արգելավազք, արագավազք և մուրճի նետում մրցաձևերում:  

Մրցումները կմեկնարկեն հունիսի 11-ին: Տղամարդկանց թիմում ընդգրկված են Երվանդ Մկրտչյանը, Արտակ Համբարձումյանը, Գոռ Բեգլարյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գագիկ Ադամյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Դավիթ Սարգսյանը, իսկ աղջիկների պայքարում մեր երկիրը կներկայացնեն Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Մարիետա Մինասյանը, Յանա Սարգսյանը, Ժաննա Շահնազարյանը, Էլլադա Ալավերդյանը և Մելինե Ադամյանը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը կմասնակցի Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ:

Մրցավայր կմեկնի նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի խոսքով՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը մեր մարզիկների համար լավ հնարավորություն է՝ փորձ ձեռք բերելու առումով. «Ավանդաբար բավականին լավ ենք հանդես եկել այս առաջնություններում ու 3-5 մեդալ ենք նվաճել: Վստահ եմ՝ այս անգամ ևս կունենանք մեդալներ: Սպասելիքները մեծ են»:

Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից և Մոնտենեգրոյից:

Մինչև 18 տարեկան աթլետներն էլ հունիսի 10-ից Մոնտենեգրոյում կմասնակցեն Բալկանյան երկրների Մ18 տարեկանների առաջնությանը:

Հայաստանի թիմը հանդես կգա Արշամ Սարգսյանի գլխավորությամբ: Թիմում ընդգրկված կլինի 6 մարզիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Կապանից:

  • Կիսվել: