ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը

Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, թիմային հաշվարկում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ շրջանցելով Վրաստանի և Ադրբեջանի թիմերին:

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող են ճանաչվել Մարատ Աճեմյանն ու Հայկ Մանուկյանը: 51 կգ քաշային կարգի եզրափակչում Աճեմյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչի հետ և 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, իսկ 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը եզրափակչում ժամանակից շուտ 11:3 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը և 65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Մանջիկյանը եզրափակչում 2։2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ Նազարյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցչին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում Ավետիսյանը մրցել է Բուլղարիայի ներկայացուցչի հետ և 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արեն Փիրուզյանը (45 կգ), Արտակ Աղաբեկյանը (48 կգ), Վահան Ազարյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Դավթյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Ավետ Ենգոյանը (80 կգ), Նարեկ Մարտիրոսյանը (92 կգ), Լաերտ Մովսեսյանը (110 կգ):

 

  • Կիսվել: