ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաստատվել են Օլիմպիական խաղերում մարմնամարզության ուղեգրերի ստացման եղանակները

Հաստատվել են Օլիմպիական խաղերում մարմնամարզության ուղեգրերի ստացման եղանակները

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է  «Փարիզ-2024»  օլիմպիական ամառային  խաղերի որակավորման համակարգը: Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ընդհանուր առմամբ խաղերին կմասնակցեն 318 մարզիկ  192/96-ական տղամարդ և կին սպորտային մարմնամարզությունում, 94 գեղարվեստական մարմնարզությունում և 32՝  բատուտում:  

Նախորդ՝  Տոկիոյի  Խաղերի համեմատ սպորտային մարմնամարզությունում տեղի են ունեցել մի շարք պարզեցումներ: Հիմնական փոփոխությունը վերաբերում է  մարզիկների քանակին ՝  հավաքականում:

Թիմային պայքարի  ուղեգիր կստանա  հինգ  մարմնամարզիկ, ովքեր կարող են  մասնակցել  թիմային և անհատական պայքարին:

Թիմային ուղեգրի չարժանացած երկրները Փարիզ կգործուղեն  անհատական վարկանիշով    երեք  մարզիկի:

Օլիմպիական առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին ՝  Մեծ Բրիտանիայի Լիվերպուլում: Այնտեղ կխաղարկվեն  թիմային ուղեգրերը:

2023թ. Բելգիայի Անտվերպենում  նախատեսված  աշխարհի առաջնությունում  կվիճարկվեն  թիմային և անհատական արտոնագրեր:

Վարկանիշային են նաև 2024թ.  աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:

Սպորտային մարմնամարզիկներին խաղերում հանդես գալու վերջին հնարավորությունը կտրվի  2024թ.  մայրցամաքային առաջնություններում:  

Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկում:

Գեղարվեստական մարմնամարզուհիների համար որակավորման առաջին հնարավորությունը կտրվի Բուլղարիայի Սոֆիայում այս տարվա սեպտեմբերին կայանալիք   աշխարհի առաջնությունում: 

Բատուտում  օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճը կսկսվի 2023թ.  նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունով:

  • Կիսվել: