շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Համահայկական  խաղերի  համաշխարհային  կոմիտեի  նախագահի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

Համահայկական  խաղերի համաշխարհային  կոմիտեի  նախագահ  Իշխան Զաքարյանը,  փոխնախագահներ Ալբերտ  Բոյաջյանը  (ԱՄՆ)  և  Վրեժ  Շառոյանը  (Սիրիա),  նախագահի  օգնական Սարգիս  Վաթյանը  Լոս  Անջելեսում  հանդիպել են ՀՀ գլխավոր  հյուպատոս Կարեն Իսրայելյանի  հետ:

Ինչպես տեղեկանում ենք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի տարածած հաղորդագրությունից, շուրջ 1,5 ժամ  տևած  հանդիպման  ընթացքում  քննարկվել են Համահայկական  խաղերի  մարզական  ավանի  կառուցման   գործում  ամերիկահայերի  մասնակցության  հետ  կապված  կազմակերպչական  հարցեր: Ալբերտ  Բոյաջյանն  առաջարկել է ստեղծել  հատուկ  կոմիտե, որը  կզբաղվի  միայն  վերոհիշյալ  խնդրի  լուծմամբ:

Հանդիպման  ընթացքում Իշխան  Զաքարյանը գլխավոր  հյուպատոսին է ներկայացրել  խաղերի  պատմության  դինամիկան,  ԱՄՆ քաղաքներում  Համահայկական  խաղերի  քաղաքային  խորհուրդների  ձևավորման  ընթացքը,  խոսել է  նաև   ծագած  որոշակի  դժվարությունների  մասին:  

Գլխավոր հյուպատոսը  խոստացել է ցանկացած  հարցով  աջակցել  տեղական  կառույցներին այդ  կարևոր  գործընթացն  արդյունավետ  ավարտելու  համար: 

Այնուհետև  պատվիրակությունը  Հայ մարմնակրթական ընդհանուր միության «Արարատ»  ակումբում  հանդիպել է ԱՄՆ  հայկական  միությունների  ներկայացուցիչների  հետ:  Գործկոմի  անդամ Արմիկ  Եբրահիմյանը  (ԱՄՆ)   և   պատվավոր  անդամ   Ալֆրեդ  Հավանը  (ԱՄՆ) ներկայացրել են կատարված  աշխատանքներն  ու  առաջիկա  անելիքները: Կարևորելով  կատարված  աշխատանքներն,  այնուամենայնիվ,  Իշխան Զաքարյանն  առանձնացրել է մի  շարք  խնդիրներ, որոնք   աչքաթող  են  արվել  և  անհրաժեշտ է դրանք շտկել:  Պայմանավորվել են  առաջիկա  օրերին  ևս  մեկ անգամ  քննարկել  այդ  հարցերը: 

ՀԽՀԿ  պատվիրակության  այցն  ԱՄՆ-ում   շարունակվում  է.  սպասվում  են  կարևոր  այլ  հանդիպումներ  ևս:

 

  • Կիսվել: