շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գառնիկ Չոլակյանը 280կգ արդյունքով հաղթեց Բահրեյնում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում

Գառնիկ Չոլակյանը 280կգ արդյունքով հաղթեց Բահրեյնում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտած Գառնիկ Չոլակյանը առաջինն է B խմբում:

Տղամարդկանց 61 կգ քաշայինների B  խմբում Գառնիկ Չոլակյանը երկամարտում գրանցեց 280 կգ: Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում մեկնարկեց 120 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 125 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 130 կգ:

Հրում վարժությունում Չոլակյանը հաջողեց միայն առաջին մոտեցումը եւ գլխավերեւում ֆիքսեց 150 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները ձախողեց, որոնց համար պատվիրել էր 155 կգ:

61 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին Երեւանի ժամանակով 21:00-ին: A խմբի արդյունքներից հետո միայն պարզ կլինի՝ Գառնիկ Չոլակյանը մեդալ կնվաճի, թե ոչ: A խմբի պայքարում ֆավորիտներ են համարվում չինացի Հաիքիան Ուեիը եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Ջին Պակ Մյոնգը: Երկուսի նախնական հայտերը երկամարտում 300 կգ է:

22-ամյա գյումրեցի Գառնիկ Կիրակոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2021 թ. Հայաստանի չեեմպիոն է:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից Բահրեյնում մրցահարթակ դուրս կգան նաեւ Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102կգ), Գարիկ Կարապետյանը եւ Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Կանանց պայքարում կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

  • Կիսվել: