ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը

Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը

Ազգերի լիգայի խաղարկության 2020-2021 մրցաշրջանի եզրափակիչ խաղում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ Իսպանիայի տարածքային առավելությամբ, սակայն գոլային ռեալ պահեր իսպանացիները չստեղծեցին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները նույնպես գոլային պահեր չունեցան առաջին խաղակեսում:
 
Ավելի դրամատիկ պայքարում անցավ երկրորդ խաղակեսը: 63-րդ րոպեին ֆրանսիացիները կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն Թեո Էրնանդեսի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Դրանից անմիջապես հետո գրոհի նետվեցին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, ինչի արդյունքում Միկել Օյարսաբալը բացեց խաղի հաշիվը:
 
Իսպանացիների ուրախությունը, սակայն, կարճ տևեց: Ֆրանսիայի հավաքականը 68-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:
 
80-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Թեո Էրնանդեսի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն մեն մենակ մնաց դարպասապահի դիմաց և դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին:
 
Մնացած ժամանակահատվածում հիմնականում գրոհում էին իսպանացիները, սակայն խաղը փրկել նրանց չհաջողվեց: Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը:
 
Մինչ այդ կայացել էր Ազգերի լիգայի 2020-2021 մրցաշրջանի խաղը երրորդ տեղի համար: Այդ խաղում Իտալիայի հավաքականը հաղթել էր Բելգիային 2-1 հաշվով: Իտալիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Նիկոլ Բարելան և Դոմինիկո Բերարդին, իսկ Բելգիայի հավաքականի միակ գնդակը հեղինակել է Շարլ դե Կետելարեն:

  • Կիսվել: