երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկի» ոչ մի թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին․ Սողոմոնյան

Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկի» ոչ մի թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին․ Սողոմոնյան

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ եւ 2 գլխավոր թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը։

Այս մասին ասուլիսում հայտարարեց «Փյունիկի» սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանը։

«Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է եւ ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի, ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Հիմա թեեւ մեր թիմը Պրեմիեր լիգայում առաջինն է, սակայն բարդ է առաջնությունը որակել արդար, քանի որ չունենք մարզումների եւ հանդիպումների պատրաստվելու նորմալ պայմաններ։

Մենք այս մրցաշրջանը կավարտենք, քանի որ պարտականություններ ունենք հովանավորների եւ գործընկների առջեւ, բայց հաջորդ մրցաշրջանում չենք հայտավորվի։ Մենք չենք ցանկանում մասնակից լինել հայկական ֆուտբոլի ոչնչացմանը։

Դեկտեմբերի 23-ի ընտրության մասնակիցները պետք է հասկանան, որ պետք է քվեարկեն մեր ազգի ֆուտբոլային եւ ոչ միայն ֆուտբոլային ապագայի համար»,- նշեց Արթուր Սողոմոնյանը։

ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ն։ Պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Օզբիլիսի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն», Մելիքբեկյանի թեկնածությունը՝ Երեւանի «Անի» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է Խորեն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: