երեքշաբթի, հուլիս 5
5 / 7 / 2022
Եղիշե Ալեքսանյանը դարձել է կարատեի Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Եղիշե Ալեքսանյանը դարձել է կարատեի Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել միայն եզրափակչում՝ զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչին:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը մասնակցել է 11 մարզիկով:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի խոսքով՝ Մ21 տարեկանների ԵԱ-ում արծաթե մեդալ նվաճելը նշանակալի արդյունք է. «Օլիմպիական կարատեում մրցակցությունը շատ բարձր է: Մասնակից երկրների և մարզիկների թիվը բավականին մեծ է, իսկ նմանօրինակ արդյունք գրանցելը շատ դժվար է»:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայկ Քառյանը (-75 կգ). նա, սակայն, պարտվել է երրորդ տեղի համար մենամարտում:

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականն առաջնությանը մասնակցել է գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և ավագ մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ:

Չեխիայում օրերս տեղի է ունեցել նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի կազմակերպած մրցավարական որակավորման քննությունը, որին մասնակցել է WKF B և EKF B կարգի որակավորում ունեցող մրցավար Արտյոմ Վասիլյանը: Գերազանց հանձնելով մրցավարական որակավորման քննությունները՝ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավարը ստացել է EKF A կարգի որակավորում:

  • Կիսվել: