ԵԱ. Վազգեն Թեւանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը գոտեմարտեց Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովի հետ եւ պարտվեց 2:3 հաշվով: Մեկնարկային գոտեմարտում Թեւանյանը 3:0 հաշվով հաղթել էր բելառուս Իսլամ Գուսեինովին:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ է դուրս եկել միայն Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը:
70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նա 4:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում Անդրեասյանը Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Մեկնարկային գոտեմարտում Անդրեասյանը 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուս Լուժինսկիին:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի փոխչեմպիոն, ռուսաստանցի Նաչեն Մոնգուշի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:
79 կգ քաշային Հայկ Պապիկյանը որակավորման փուլում 0:10 հաշվով պարտվեց ուկրաինացի Վասիլի Միխայլովին: 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով զիջեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանովին: