հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում

ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-ին կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է ոչ ամբողջական կազմով, 7 ներկայացուցիչով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ) եւ Գուրգեն Սիմոնյան (97 կգ):

Տեղի է ունեցել վիճականությունը, հայտնի են հայ ըմբիշների առաջին մրցակիցները:

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս կգան 57 կգ, 65 կգ, 70 կգ, 79 կգ եւ  97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Հայաստանի թիմից պայքարը կսկսեն Մանվել Խնձրցյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը, Հայկ Պապիկյանը եւ Գուրգեն Սիմոնյանը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) կմեկնարկի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի որակավորման փուլի Նաչեն Մոնգուշ (UWW)- Իվայլո Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողը:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վազգեն Թեւանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի UWW դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Իսլամ Գուսեինովի հետ:

Եվրոպայի  ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի լեհ Մատեուս Լուժինսկիի հետ:

79 կգ քաշային Հայկ Պապիկյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել ուկրաինացի Վասիլի Միխայլովի արգելքը:

97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, 2024 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանովը:

Ապրիլի 8-ին պայքարը կսկսեն 61 կգ, 74 կգ, 86 կգ, 92 կգ եւ 125 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից մրցագորգ դուրս կգան Արսեն Հարությունյանը (61կգ) եւ Նարեկ Հարությունյանը(74կգ):

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը (61 կգ) որակավորման փուլում կմրցի բուլղարացի Ստիլյան Իլիեւի հետ:

74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը որակավորմա փուլում կգոտեմարտի հունգարացի Մուրադ Կուրամագամեդովի հետ:

Արսեն Հարությունյանը Բրատիսլավայի մրցագորգում կպայքարի Եվրոպայի 5-րդ, Վազգեն Թեւանյանն ու Արման Անդերասյանը՝ կրկնակի չեմպիոնության համար:

Նախնական փուլի գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 9-ին:

  • Կիսվել: