ԵԱ. Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տարավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց մոլդովացի Լեոմիդ Կոլեսնիկի հետ եւ հաղթեց 12:2 հաշվով: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 9 վայրկյան:
Հայաստանի առաջատար ըմբիշը մեկնարկում 11:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել բուլղարացի Ստիլյան Իլիեւի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը: Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի 2019 թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաեւը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը Վազգեն Թեւանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը վրացի Գոգա Օտիաշվիլին է: