կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դժվար է հայ լինել ու հայ մնալ. Արոնյանի գրառումը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ

Դժվար է հայ լինել ու հայ մնալ. Արոնյանի գրառումը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին մենք հիշում ենք ցեղասպանության 107-րդ տարին: Իրադարձություն՝ որն արմատապես փոխեց մեր ազգի ուղին: 1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է գրոսմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը:

՛՛Որպես ազգ մենք սովորցինք մի դառը ճշմարտություն. շատ քչերին է մտահոգում անարդարությունն ու չարիքը, եթե հենց իրենց չի ուղղված կամ անմիջականորեն չի բախվում իրենց շահերին:

Ոմանց համար այս փաստը կարող է հուսահատեցնող լինել, բայց ես հավատում եմ, որ այն կարող է աշխատել մեր օգտին.Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, հասկանալով, որ անհամեմատ փոքր է, և որ իր միակ առավելությունն իր քաջությունն է: Մենք՝ հայերս, պատառոտված, թուլացած, ամբողջովին կամավորներից կազմավորված բանակով, պաշտպանեցինք ապրելու մեր իրավունքը՝ 1918-ի Սարդարապատի ճակատամարտում՝ հետ մղելով հայությունն իսպառ բնաջնջելու մոլուցքով տարված թուրքական մեծաթիվ բանակը:

Գոյատևման վտանգը միշտ էլ հետապնդել է մեզ: Եվ ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, մեր թշնամիները երբեք չհրաժարվեցին իրենց նկրտումներից՝ փորձելով կյանքի կոչել Օսմանյան կայսրությունը։

Դժվար է հայ լինել ու հայ մնալ: Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը՝ մշակութային, կրոնական, պատմական առումով, բախվում ու բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետանպնդող վտանգին:

Եկեք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել: Մենք պիտի շարունակենք ցույց տալ մեր գոյությամբ, որ չնայած մենք փոքր ազգ ենք, միևնույնն է, կարող ենք և պիտի պայքարենք արդարության համար, շարունակելով հարգել մեր ավանդույթները և միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: