շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բասկետբոլ. կանանց և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները հաղթանակ են տարել ԵԱ-ում

Բասկետբոլ. կանանց և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները հաղթանակ են տարել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքի հավաքականները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնություններում:

Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում մրցել է Մոլդովայի հավաքականի հետ և 61-43 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 25 միավորով:

Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ:

Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի երրորդ խաղում կանանց Մ20 տարեկանների հավաքականը 30-101 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին և կշարունակի պայքարը 9-18-րդ տեղերի համար:

Այսօր՝ ժամը 23:00-ին, Մ20 հավաքականը կմրցի Ալբանիայի հետ: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:

Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն էլ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երկրորդ խաղում մրցել է Մոլդովայի ընտրանու հետ և 84-72 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն էր՝ վաստակած 33 միավորով:

Նա նաև 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ջիբրալթարի հետ:

  • Կիսվել: