ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Իրանում կայացած «Թախթիի գավաթ» մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Իրանում կայացած «Թախթիի գավաթ» մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում:

Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս անց առաջին անգամ էր մրցաշարի մասնակցում:

Եզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցել է իրանցի ըմբիշի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել:

Հատկանշական է, որ «Թախթիի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանն ազատ ոճայինների պայքարում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 1995 թվականին՝ ի դեմս Արա Գևորգյանի:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ արդյունքները գոհացնող են. «Այս մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքում: Այստեղ մեդալակիր դառնալը հեշտ չէ: Ծաղկաձորում ծանրաբեռնված ընդհանուր ֆիզիկական հավաքից հետո այս արդյունքներն ինձ գոհացնում են»:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իրանի թիմին:

  • Կիսվել: