շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արոնյանը դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ ծանր պայքար է սպասվում Կարլսենի հետ. Julius Baer Generation Gup

Արոնյանը դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ ծանր պայքար է սպասվում Կարլսենի հետ. Julius Baer Generation Gup

Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի 13-15-րդ տուրերի մրցախաղերով ավարտվեց նախնական փուլը: Հայտնի դարձան պայքարը շարունակող 8 ուժեղագույն շախմատիստները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը:

Ի տարբերություն մրցումային նախորդ երկու օրերի, Արոնյանը վերջնագծում հաջող խաղաց, որի շնորհիվ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց:

13-րդ տուրում  նա հաղթեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, իսկ հաջորդ պարտիայում   հաշտություն կնքեց խորվաթ Իվան Սարիչի հետ: Նախնական փուլն Արոնյանն ավարտեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ հաղթանակով:

Արոնյանը 21 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Այսօր կայանալիք քառորդ եզրափակչում նա արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնի 34 միավորով նախնական փուլի հաղթող ճանաչված Մագնուս Կառլսենի հետ:

Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը կազմել են Արջուն Էրիգայսին ու Քրիստոֆեր Յուն, Հանս Նիմանն ու Լե Քուանգ Լիեմը, Ռամեշբաբու Պրագնանանդհան ու Վինսենտ Կեյմերը:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում ԱՄՆ-ի դրոշե ներքո հանդես եկող Արոնյանը հաղթել էր Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին, լեհ Ռադոսլավ Վոյտաչեկին, հնդիկ Բաշկարան Ադհիբանին ու Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին, հաշտություն էր կնքել լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր   Յուի հետ, պարտվել էր գերմանացի Վինսենտ Կեյմերին, հնդիկ Արջուն Էրիգայսիին, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին, վիետնամցի Լե Քուանգ Լիեմին, չեխ Դավիդ Նավարային և ամերիկացի Հանս Նիմանին:

  • Կիսվել: