ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արմեն Բաբալարյանը գոհ է Մ23 տարեկանների ԵԱ-ի արդյունքներից

Արմեն Բաբալարյանը գոհ է Մ23 տարեկանների ԵԱ-ի արդյունքներից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկների ելույթները:

«Եվրոպայի այս առաջնությունում ունեցանք երկու ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ: Գերծանր քաշային ըմբիշները սկսել են կոտրել այն կարծրատիպը, թե գերծանր քաշային կարգում մեր հավաքականի անդամները մրցունակ չեն: Սակայն տղաներն ու մարզական շտաբն աշխատասիրությամբ են մոտենում մրցաշարերին: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ, կարող էինք նաև մեկ կամ երկու մեդալ ավելի ունենալ, սակայն այս պահին` այսքանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը:

Վերջինիս խոսքով` Եվրոպայի Մ23 տարեկանների այս առաջնությանը մի շարք նոր մրցավարներ կային, որոնք նոր որակներ են բերել մրցաշարին:

«Թե երիտասարդ ըմբիշների, թե մեծահասակների թիմում ունենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ներուժ ունեցող ըմբիշներ:  Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությանն, ապա թիմում շատ երիտասարդների կտեսնեք»,-ընդգծեց նա:

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալակիրներ էին դարձել Արամայիս Հարությունյանն ու Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալակիր` Սամվել Տերտերյանը։ Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

  • Կիսվել: