Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով
Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումը:
Հասմիկ Ավագյանի խոսքով գործող «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգը: Ըստ նրա՝ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ: Կարևորելով վաստակաշատ, ինչպես նաև սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Նախագծով առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է վերոնշյալ օրենքի նախագծի լրացման ձևակերպումը տեղայնացնել նաև «Տեղական ինքնակառավարման մասին», ինչպես նաև «Երևան քաղաքում տեղեկան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում:
Առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: