ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեքսանդր Կարապետյանը համալրեց «Փյունիկի» կազմը

Ալեքսանդր Կարապետյանը համալրեց «Փյունիկի» կազմը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկից առաջ:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, վարձավճարի ավարտից հետո թիմ է վերադարձել 20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը: Նա ակումբի սան է և «Փյունիկի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել էր 16 տարեկանում, 2018թ սեպտեմբերի 19-ին: 2020թ տարեսկզբին Գրենիկ Պետրոսյանը վարձավճարով տեղափոխվել է ԲԿՄԱ: 2020/21թթ․Հայաստանի Առաջին լիգայի առաջնությունում նա 27 խաղում խփել է 16 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում, երիտասարդ հարձակվողը 25 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Նա մասնակցել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային բոլոր 5 խաղերին։

«Փյունիկի» կազմն այսօր համալրել է նաև 34-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Նա նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», ինչպես նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Ալաշկերտը»:

Հայաստանի Բարձրագույն լիգայի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ և խփել 8 գոլ: Նա հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

  • Կիսվել: