երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զոհվածների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայողի մորը

Զոհվածների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայողի մորը

Զոհվածների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան: Նրանք պահանջում են ազատ արձակել նախօրեին ձերբակալված պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին:

Նշենք, որ դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, մեծ թվով քաղաքացիներ կան:

Այս պահին դատարանում քննվում է զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյան) ձերբակալման դեմ բողոքը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր:

 

  • Կիսվել: