հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. 4 հոգի մտել են օտարերկրացիների օֆիս, հափշտակել գումար, բջջային հեռախոսներ. հայտնաբերվել է ատրճանակ

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. 4 հոգի մտել են օտարերկրացիների օֆիս, հափշտակել գումար, բջջային հեռախոսներ. հայտնաբերվել է ատրճանակ

Այսօր՝ հուլիսի 11-ին, բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, դեպքի վայրում էլ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի: Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվեց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն որոշ մանրամասներ պարզել են: Նախաքննության շահերից  ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: 

  • Կիսվել: