ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։

Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնինայնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։

Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։

Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։ 

Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։ 

Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։

Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։

Ավելին՝ Infocom.am

  • Կիսվել: