Ժաննա Անդրեասյանը վերահաստատեց՝ ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափը կբարձրանա
ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարի բյուջետային հայտում կներկայացնի ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափի փոփոխության, հավելավճարի սահմանման նոր մոտեցումներ, որոնք թույլ են տալու գնալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին։
Փոխնախարարը վստահեցրեց, որ նոր նախագծով կարևորվում է, որ բոլոր դպրոցները համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։
«Նախատեսվում է ատեստավորման տարակարգերի շնորհման մեխանիզմների ամբողջական վերանայում, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն։ Եկող տարվա բյուջետային հայտում կներկայացնենք ուսուցիչների դրույքաչափի փոփոխության և նաև հավելավճարի սահմանման նոր մոտեցումները, որոնք պետք է թույլ տան գնալ մինչև 400 հազար աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին»-նշեց Անդրեասյանը։
Վերջինս կարևորեց պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների հայտնաբերումը: Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն ֆորմալ ընդգրկվածության մասին է, այլ նաև արդյունավետ ընդգրկվածության։
Կառավարությունը նախատեսում է 2026-ի ավարտին ունենալ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված առնվազն 300 դպրոց, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ և պայմաններ։ Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցները ունենան անհրաժեշտ բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ։