Ներսից այս պառակտումը բացառապես արտաքին թշնամիների քաղաքական օրակարգից բխող քաղաքականություն է․ Արթուր Խաչատրյան
Արտաքին թշնամու առկայության պայմաններում ներսից այս պառակտումը բացառապես արտաքին թշնամիների քաղաքական օրակարգից բխող քաղաքականություն է։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ականատես ենք լինում սիրո և համերաշխության հեղափոխության հետևանքներին, համերաշխության խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը հաջողացրեց հասարակության մեջ անհամերաշխությունը հասցնել պատմական մաքսիմումի, և սա ձեր քաղաքականության տրամաբանական հետևանքն է։ Երբ խոսում է Լևոն Քոչարյանը, Փաշինյանն ասում է՝ քո հոր ժամանակ եղել է հոկտեմբերի 27–ը, չնայած՝ 8,5 տարի է հոկտեմբերի 27-ի գործի վրա մի չոփ ավել չեք դրել բացահայտման հարցում։
Երբ խոսում է Նարեկ Կարապետյանը, ասում եք՝ քո հայրը եղել է «Հանրապետական» կուսակցությունից, եղել է աշխատակազմի ղեկավար և այլն։ Այս կործանարար անիվի ընթացքը դադարեցնելու համար այս թափանիվը շարժման մեջ դրած քաղաքական ուժը պետք է քաղաքական խիզախություն և պատասխանատվություն զգա և դադարեցնի հասարակությունը պառակտելու իր քայքայիչ գործունեությունը»,- նշել է Խաչատրյանը։



