ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կաճի 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ–ն նախօրեին ներկայացրել է հանրային քննարկման։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։
2021–ի հունվարի 1–ից մինչ 2026–ի օգոստոսի 31–ը ՀՀ քաղաքացիություն ստացել է 110․219 անձ, իսկ «099» ծածկագրով անձնագիր ստացել է 108․002 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։
«Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին»,–ասված է հիմնավորմանմ եջ։



